ՌԴ-ն ցանկացած դեպքում կհասնի իր նպատակին, Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի. Օրբան

Ըստ Օրբանի՝ Ուկրաինան չի կարողանա դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում Օրբանը նշել է. «Ռուսաստանի դիրքորոշումը, նույնիսկ եթե այն ձեզ դուր չի գալիս, առնվազն բանական է։ Նրանք հետևելու են իրենց նպատակին և ցանկացած պարագայում հասնելու են դրան»։
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի ապագային՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է վերանայի իր մոտեցումները Ռուսաստանի հետ ուղղակի բախումից խուսափելու համար։
Օրբանի խոսքով՝ Ուկրաինան չի կարող դառնալ ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, և հեռանկարում կարող է պահպանել բուֆերային գոտու կարգավիճակը։
«Հարցն այն է՝ Ուկրաինան պատկանելու է Արևմուտքի՞ն, թե՞ վերադառնալու է բուֆերային գոտու կարգավիճակին։ Եթե խոստովանենք, որ չենք կարող նրան ընդունել ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, քանի որ դա կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ապա հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը»,-հայտարարել է նա։
Օրբանն ընդգծել է, որ նման մոտեցումը թույլ կտա խուսափել էսկալացիայից և վերականգնել հավասարակշռությունը տարածաշրջանում։