Իրանը մերժել է հակամարտությունը դադարեցնելու ամերիկյան առաջարկը. ԶԼՄ

Նշվում է, որ Թեհրանը հակամարտության ավարտի համար հինգ պայման է առաջադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանը մերժել է ԱՄՆ–ի` հակամարտությունը դադարեցնելու առաջարկը և սեփական պայմաններն է առաջ քաշել։ Այս մասին հայտնում է իրանական «Press TV» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։
«Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը և հինգ պայման է ներկայացրել իրեն պարտադրված պատերազմն ավարտելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թեհրանը պնդում է, որ հակամարտությունն ավարտվի բացառապես իր պայմաններով, այդ թվում՝ ժամկետներին վերաբերող հարցերում։
«Իրանը պատերազմը կավարտի այն ժամանակ, երբ ինքը կորոշի, և երբ իր պայմանները կբավարարվեն»,- նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Ինչպես հաղորդում է «Al Mayadeen»–ը, Իրանը Պակիստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն ընդունելու անհնարինության մասին: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը պետք է ապամոնտաժի 3 առանցքային միջուկային օբյեկտներ և ամբողջությամբ հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացումից, կասեցնի բալիստիկ հրթիռների մշակումը, կրճատի դաշնակից խմբավորումներին տրվող աջակցությունը, ինչպես նաև ապահովի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: