ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի դեմ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց երկրի ներսում որևէ իշխանական վակուում չի ստեղծվել, առօրյա կյանքը բնականոն շարունակվում է, չնայած գերագույն հոգևոր առաջնորդի և առանցքային զինվորականների նահատակությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները ձախողվել են: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի զինված ուժերը արժանի հակահարված են տվել թշնամուն, և դա ապացույցների կարիք չունի։ Գերագույն առաջնորդի մահը միայն ծառայել է իրանական հասարակության միավորմանը»,– ասաց դեսպանը։
Դիվանագետն ընդգծեց` մարդիկ վստահում են բանակին և պատրաստ են որքան հնարավոր է շատ ներդրում ունենալ ներքին կայունության և անվտանգության գործում։
«Հոգևոր առաջնորդի նահատակությունից հետո որևէ վակուում երկրի ներսում չի ստեղծվել: Թշնամին ուներ երկու նպատակ՝ համակարգի փլուզում և ներքաղաքական պատերազմի հրահրում, որոնցից որևէ մեկին չի հասել: Այսօր Իրանի ներսում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ գործում է առօրյա ռեժիմով, իսկ մարդիկ ամեն գիշեր փողոցներում իրենց աջակցությունն են հայտնում զինված ուժերին։ Նաև նոր հոգևոր առաջնորդի նշանակումը որևէ վակուում չի ստեղծվել` չնայած որ թշնամին ամեն կերպ փորձում էր հասնել դրան»,– ասաց Շիրղոլամին։
Հարցին` Իրանում ցամաքային ներխուժման վտանգ զգո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատում այդ վտանգը, և իրանական բանակը պատրա՞ստ է դիմագրավել արդեն ցամաքային թատերաբեմում հակառակորդին` դեսպանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են նաև այդ սցենարին։
«Մենք նմանօրինակ սցենար դիտարկում ենք և արդեն որոշակի պլաններ նախագծել ենք։ Այս պահին պատերազմին ներգրավված են Իրանի օդային ուժերը հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային կորպուսը անհամբեր սպասում է այն պահին, երբ իրենք էլ կկարողանան մասնակցել այս գործողություններին։ Իհարկե, գոյություն ունի նմանօրինակ սցենար՝ հաշվի առնելով Թրամփի գործելաոճը, նա գտնվում է շփոթված և բարկացած վիճակում և կարող է դիմել նմանօրինակ հիմարության։ Նա արդեն խոսել է Հորմուզի նեղուցի բացման մասին։ Բայց ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ Թրամփը չի դառնա Նեթանյահուի և որոշ անձանց խաբեության զոհը։ Իրանը մեծ երկիր է՝ հսկայական հնարավորություններով, և մենք կկարողանանք կազմակերպել մեր պաշտպանությունը ցանկացած դեպքում»,–ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ մինչ այժմ ԱՄՆ–ին և Իսրայելին տված հակահարվածները ոչինչ կլինեն այն հակահարվածի դիմաց, որը նրանք կունենան ցամաքային հարձակման դեպքում։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի նախաձեռնած ագրեսիան կվերածվի իրական խայտառակության, և պատերազմը Ամերիկայի և Իսրայելի համար իրական ճահիճ կդառնա։
Դեսպանը նաև խոսել է Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների, Թրամփի առաջադրած պայմանների, տարածաշրջանային նոր զարգացումների և հայ ժողովրդի վերաբերմունքի մասին։
Մանրամասները` տեսանյութում։