ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի նախագիծն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով հավանության արժանացավ ՀՀ Ազգային ժողովի կողմից։
Համաձայնագիրը նախատեսում է ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև փոխադարձ հիմունքներով մաքսատուրքերի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից 367 ապրանքային անուն։
Հայաստանի համար հատկապես կարևոր են ծխախոտի, կոնյակի, շոկոլադի, հանքային ջրի և պահածոյացված մրգերի արտահանման համար նվազեցված տոկոսադրույքները։
Արդյունքում, Մոնղոլիայում հայկական ապրանքների միջին մաքսատուրքը կնվազի 7.5%-ից մինչև 1.2%։ Արտոնությունները կտարածվեն Հայաստանից ներկայիս արտահանման ապրանքների 98%-ի վրա։
Համաձայնագրի ժամկետը երեք տարի է՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերը այլ բանի մասին չպայմանավորվեն։
Մաքսային վիճակագրության համաձայն՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանումը 2024 թվականին կազմել է 340 000 դոլար, իսկ 2023 թվականին՝ 516 000 դոլար:
Մոնղոլիայից Հայաստան ներմուծումը կազմել է համապատասխանաբար 53 000 դոլար և 7 000 դոլար: Կառավարության գնահատականներով՝ հաշվի առնելով մատակարարումների հնարավոր աճը, մաքսատուրքերի կրճատումը թույլ կտա հայկական ընկերություններին տարեկան խնայել մինչև 1 մլն դոլար: