Վարույթի հետևում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ Արմինե Օհանյանը՝ կարճված գործի մասին

Ավելի քան 1 տարի տասնյակ աշխատասենյակներում տարբեր փորձագետներ քննել են 1500 նիշ ունեցող հոդվածը՝ պարզելու, թե արդյոք այդտեղ բռնության կոչ կա, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 1 տարի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանյանը՝ նշելով, որ այլևս սահմանափակված չէ նախաքննական գաղտնիքով, ուստի որոշ մանրամասներ է հայտնում։
Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը որոշել է Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։
Խմբագիրը նշել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իր հանդեպ քրեական վարույթը կարճվելու է, իսկ դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը երեկ է ստացել։
«Ես 18 տարի շարունակ ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք, և դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որևէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եվ վերջապես 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում ինչ-որ բան են նշմարել և 25 թվականի հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն և որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում»,- գրել է Օհանյանը։
Նրա խոսքով՝ վարույթի նյութերն ավելի քան 100 էջ են, նախաքննությունը տևել է 1 տարի 3 ամիս: Օհանյանը շեշտել է՝ 1500-նիշանոց իր հոդվածը տասնյակ աշխատասենյակներում է կարդացվել, ապա փորձաքննության ուղարկվել։ 2 փորձագետները 13 էջանոց եզրակացություն են գրել և եզրակացրել, որ տեքստում չկա կոչ, թեև, ըստ Օհանյանի, տեղ են թողել, որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն: Խմբագիրը մատնանշել է «այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից» ձևակերպումը։
Օհանյանը վստահ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած վարույթի հետևում։

«Ինձ թվում էր... ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն, հաղորդում է տվել «հանցագործության մասին», և վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետևում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած»,– նշել է թերթի խմբագիրը:

Հիշեցնենք` մարտի 17-ին Արմինե Օհանյանին քննչական կոմիտե էին հրավիրել վկայի կարգավիճակով։
Քրեական վարույթ էր նախաձեռնվել ՔO 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը` հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):