ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ԱՄՆ-ը բաց է պահում Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցության ուղիները։ Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք երկկողմ փոխգործակցության համար ոչ մի հնարավորություն չենք փակել։ Կրկնեմ՝ կարևոր եմ համարում բոլոր հնարավորությունները բաց պահելը և կարծում եմ, որ նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի - խմբ.) քաղաքականությունն ակնհայտորեն դա ապահովում է», - ասել է Դինանոն ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով միջուկային զենքի հարցերով ՌԴ-ի հետ փոխգործակցության մասին հարցին:
Ավելի վաղ լրացել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը: Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ միջուկային զենքի փորձագետները պետք է մշակեն նոր, կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը կգործի երկար ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ վերոնշյալ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը պատրաստ է մեկ տարվա ընթացքում շարունակել պահպանել փաստաթղթով նախատեսված սահմանափակումները: Նա պարզաբանել էր, որ պայմանագրին համապատասխան սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունավետ կլինեն, եթե ԱՄՆ-ն նույնպես կատարի համարժեք քայլեր: Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրամփը պայմանագրի վերաբերյալ Պուտինի առաջարկը լավ գաղափար էր անվանել: