ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,– գրել է Մելիքյանը։
Նշենք, որ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել էր այս տարվա փետրվարի 17–ին:
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Սաղաթելյանը շարունակում է մնալ կալանքի տակ։