Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 66 մարդ է մահացել. ԶԼՄ

Ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո
Sputnik
Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտում C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով 66 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ տեղափոխվել են Բոգոտայի զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է «Caracol» ռադիոկայանը։
Կործանման մասին հայտնի էր դարձել երեկ` մարտի 23–ին։ Ըստ ռադիոկայանի` օդանավում 128 զինվորական է եղել։
«Զոհերից 58-ը ազգային բանակից են, 6-ը՝ Կոլումբիայի օդատիեզերական ուժերից, 2-ը՝ Ազգային ոստիկանությունից»,– ասված է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Կոլումբիայի օդատիեզերական ուժերը հայտնում են, որ C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո Պուտումայո դեպարտամենտի Պուերտո Լեգիսամո շրջանում:
Աղետի պատճառները դեռ հայտնի չեն։