ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում վնասվել է ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ։ Այս մասին հայտարարել է իրանական Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդը։
«Ըստ վերջին զեկույցների՝ վնաս է հասցվել 82417 քաղաքացիական օբյեկտի, այդ թվում՝ 62440 բնակելի օբյեկտի, ինչպես նաև 19187 առևտրի կետի երկրի տարբեր նահանգներում»,- հայտնել է Քուլիվանդը։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
Քուլիվանդը հավելել է, որ վնասվել է նաև առողջապահության ոլորտի 281 օբյեկտ, 498 դպրոց և Կարմիր մահիկի 17 կենտրոն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: