Հայաստանում չարաշահումները կանխելու նպատակով կփոխվեն սնանկության կանոնները

Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատվելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում նախատեսվում է խստացնել սնանկության ընթացակարգի կարգավորումը, որպեսզի բացառվեն պարտքերի կեղծ դուրսգրման դեպքերը։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով սնանկության մասին նոր օրենսգրքի նախագիծը, որը պետք է փոխարինի 2006 թվականի օրենքին։
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում երկրում գրանցվել է սնանկության դիմումների թվի կտրուկ աճ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից։ Եթե 2019-2020 թվականներին տարեկան ներկայացվել է հազարից պակաս դիմում, ապա 2024-2025 թվականներին՝ արդեն 4-5 հազար, որից մոտ 4 հազարը՝ քաղաքացիների կողմից։
Դադունցը նշել է, որ նման դինամիկան վկայում է ընթացակարգի չարաշահման մասին. դիմողների մի մասը, մնալով վճարունակ, սնանկությունն օգտագործում է պարտքային պարտավորությունների կատարումից խուսափելու համար:
Այդ պրակտիկան կանխելու նպատակով կառավարությունն առաջարկում է բարձրացնել սնանկության ճանաչման նվազագույն շեմը 2-ից մինչև 5 մլն դրամ (ավելի քան 13 հազար դոլար), ինչպես նաև ընդլայնել դիմումատուների ֆինանսական ակտիվությունը ստուգելու դատարանների լիազորությունները:
Մասնավորապես, կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում դատարանը կկարողանա մերժել սնանկության մասին դիմումը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել պարտքերից ազատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը: