Գլոբալ խափանում չկա, բայց կան շեղումներ. փորձագետը՝ Հայաստանում ինտերնետի վիճակի մասին

Հայաստանում ինտերնետը կայուն է՝ չնայած առանձին խափանումներին, իսկ բողոքների աճը կապված է օգտատերերի թվի ավելացման հետ։ Ոլորտում գրանցվում է թրաֆիկի արագ աճ, ընդ որում՝ զարգացման առանցքային գործոնը մնում է տեխնոլոգիաների գրագետ համադրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում ինտերնետ կապի իրավիճակը կայուն է և համապատասխանում է երկրի համար միջին ցուցանիշներին՝ առանց համակարգային խափանումների նշանների։ Այս մասին «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի բացման ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «OVIO» ընկերության փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը։
Նրա խոսքով՝ ֆիքսված կապի ոլորտում անհնար է լիովին բացառել խափանումները՝ ենթակառուցվածքների բարդության և բազմաթիվ ներգրավված բաղադրիչների պատճառով։
Ավելի վաղ օգտատերերը հայտնել էին ինտերնետի դրվագային խափանումների մասին։ VIVA ընկերությունը տեղեկացրել էր Երևանում բջջային ցանցի հասանելիության խնդիրների մասին, որոնք առաջացել էին օպտիկական-մանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով։ Անսարքությունները արագ շտկվել էին։
Ինչպես նշեց Դեմիրխանյանը, վերջին երկու տարվա ընթացքում բողոքների թվի անվերահսկելի աճ չի գրանցվել։ Դիմումների ավելացումը, նրա գնահատմամբ, պայմանավորված է նախևառաջ բաժանորդների թվի աճով և ծառայությունների որակի նկատմամբ պահանջների բարձրացմամբ։
«Ընդհանուր առմամբ արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Օգտատերերն ավելի պահանջկոտ են դարձել և ավելի հաճախ են դիմում աջակցման ծառայություններին։ Սակայն խափանումների մակարդակը չի գերազանցում նախկին ցուցանիշները»,- ընդգծեց նա։
Փորձագետը, որը ոլորտում աշխատանքի փորձ ունի 1994 թվականից, նշեց, որ օգտատերերի թվի և դիմումների քանակի հարաբերակցությունը պահպանվում է նորմայի սահմաններում՝ չնայած պարբերաբար գրանցվող արտակարգ իրավիճակներին։
2014 թվականից ի վեր Հայաստանում ինտերնետի սպառումն աճել է մոտ 15 անգամ, ինչը վկայում է թվային զարգացման բարձր տեմպերի մասին՝ չնայած մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի պակաս դինամիկ աճին։
Ինտերնետ ծառայությունների որակի գնահատումը, ըստ Դեմիրխանյանի, մեծապես կախված է համեմատական համատեքստից։ Մասնավորապես ասիական երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ համեմատելիս Հայաստանը զիջում է միջինը 20–30%-ով, ինչը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական մակարդակով, այլև թվային ծառայությունների ներդրման մասշտաբով։
«Խոսքը ոչ այնքան տեխնոլոգիական ճեղքվածքի մասին է, որքան թվային լուծումների օգտագործման արդյունավետության»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ եվրոպական մի շարք երկրների համեմատ Հայաստանն ավելի բարձր ցուցանիշներ ունի ծառայությունների հասանելիության և միացման ժամկետների առումով։ Առանձին երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Հունաստանը, օպտիկամանրաթելային ցանցին միանալը կարող է տևել մինչև մեկ ամիս։
Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման համար, սակայն առանցքային գործոնը տեխնոլոգիական լուծումների գրագետ ընտրությունն է: Ո՛չ 5G-ն, ո՛չ էլ օպտիկամանրաթելային կապը ունիվերսալ չեն։ Ամենահարմար մոդելը նա համարում է դրանց համակցված օգտագործումը՝ կախված կարիքներից:
Խոսելով Սև ծովի հատակով ինտերնետային մալուխի անցկացման նախագծի մասին՝ Դեմիրխանյանը նշեց, որ դրա նշանակությունը չպետք է գերագնահատել։ Չնայած նախաձեռնության հավակնոտ լինելուն, այն հազիվ թե արմատական ազդեցություն ունենա ոլորտի զարգացման վրա։
Նրա խոսքով՝ նույնիսկ իրականացման դեպքում մալուխն անցնելու է Վրաստանի տարածքով, ընդ որում՝ այդ երկրի կողմից հեռահաղորդակցության զարգացման սահմանափակումներ նախկինում չեն առաջացել։ Բացի այդ, նախագիծը կապված է շինարարության և սպասարկման զգալի ծախսերի հետ։

Հայաստանն արդեն մասնակցում է մի շարք տարանցիկ հեռահաղորդակցության նախագծերի` ներառյալ դեպի Իրան և Իրաք թրաֆիկի փոխանցման երթուղիները։ Այս ուղղությունները զարգանում են շուկայական հիմունքներով և հավելյալ տնտեսական արժեք են ձևավորում։

Ընդհանուր առմամբ, փորձագետի գնահատմամբ, տարածաշրջանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները մեծապես կախված են քաղաքական և տնտեսական կայունության մակարդակից։ Երկրների միջև հարաբերություններում ռիսկերի նվազեցումը կարող է պայմաններ ստեղծել անդրսահմանային ենթակառուցվածքների ընդլայնման և ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման համար:
Սև ծովի հատակով մալուխ անցկացնելու նախաձեռնությունը քննարկվում է 2021 թվականից։ 2023 թվականի դրությամբ նախագծի արժեքը գնահատվում էր 45 մլն եվրո։ Ենթադրվում է, որ դրա իրականացումը թույլ կտա բազմազանել ինտերնետ-թրաֆիկի ստացման ուղիները և ընդլայնել համագործակցությունը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։