ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են փոխըմբռնման, բայց և ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա ժամերին Մերձավոր Արևելք շուրջ 3000 էլիտար զինվոր ուղարկել։ Վերջին ժամերին միջազգային մամուլը իրար հակասող տեղեկություններ է հրապարակում՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև կապ է հաստատվել, երկրները որոշակի առաջընթաց են գրանցել փոխըմբռնման հարցում, և պաշտոնական Թեհրանը պատրաստ է լսել պատերազմի դադարեցման վերաբերյալ «կայուն» առաջարկներ։
ԶԼՄ-ի իրանական աղբյուրը փոխանցում է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգների և Իրանի միջև շփումներ են եղել Վաշինգտոնի նախաձեռնությամբ, սակայն լիարժեք բանակցություններին չեն հասել։ Տարբեր միջնորդների միջոցով փորձեր են արվելու պարզելու, թե արդյոք հնարավոր է հասնել պատերազմին վերջ դնելու համաձայնագրի։ Աղբյուրը նշել է, որ Իրանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել՝ Թեհրանը պատրաստ է քննարկել ցանկացած կենսունակ առաջարկ։
«Իրանը չի խնդրում հանդիպում կամ ուղղակի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, բայց պատրաստ է լսել, եթե սեղանին լինի կայուն գործարքի ծրագիր, որը կհամապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերին»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրը պնդել է, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի նաև Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների վերացումը։ Դրան զուգահեռ Թեհրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի զարգացնի միջուկային զենք, բայց իրավունք ունի զարգացնելու միջուկային տեխնոլոգիաները՝ բացառապես խաղաղ նպատակներով։
Միաժամանակ, The Wall Street Journal-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, թե Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մոտ 3000 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին նաև գրավոր հրամանը կլինի։