ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Զինծառայողը մահացել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:
Մասնավորապես, չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ բերել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշման: Հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց։ Այստեղ հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:
Բուժաշխատողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: