ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա հարձակվելու նպատակ չի դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ վերջնագրի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի Իսլամական Հանրապետության էլեկտրակայանները, և կսկսեն ամենամեծից։
«Ենթադրում եմ, որ «Բուշերն» այդ ցանկի մեջ չի մտնի, քանի որ հետևանքները պարզապես աղետալի կլինեն բոլորի համար։ Կարծում եմ՝ ամերիկյան ղեկավարությունը ողջախոհություն կունենա դա չանելու համար»,– լրագրողներին ասել է Ռուդենկոն «Ռուսաստան և Հնդկաստան. դեպի երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ» միջազգային համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ «Բուշեր» ատոմակայանում իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, միևնույն ժամանակ Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ–ից կպահանջի արձագանքել կայանում վերջերս տեղի ունեցած միջադեպին։
«Բարեբախտաբար, իրավիճակը հանգիստ է, առնվազն մեր աշխատակիցների շրջանում։ Թեև, իհարկե, տեղի ունեցածը ՄԱԳԱՏԷ-ի բոլոր կանոնների, նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է։ Մենք կպահանջենք ՄԱԳԱՏԷ-ից հստակ արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունենում», – ասել է Ռուդենկոն։
Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։