ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության փրկարարական տեխնիկա է տրամադրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Կառույցը տեղակացրել է, որ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին։ Նիստին ներկա է եղել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, կենտրոնի վարչության համանախագահ Վյաչեսլավ Բուտկոն։
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես, հստակեցվել է ՆԳՆ Փրկարար ծառայությանը մշտական օգտագործման համար անհատույց տրամադրվող արձագանքման բաղադրիչ հանդիսացող փրկարարական սարքավորումների ցանկը։ Կողմերն ընդգծել են, որ իրականացվող միջոցառումները միտված են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը և արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների բարձրացմանը»,– ասված է հաղոդագրությունում։
ՀՀ ՆԳՆ–ից նշել են, որ կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։ Պատվիրակությունների ներկայացուցիչները համոզված են, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը։
ՌԴ ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնում և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում ներկայացվել են մասնագետների պատրաստման և փրկարարական աշխատանքների կազմակերպման առաջատար փորձն ու մեթոդական մոտեցումները։