ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ներմուծողները դադարել են Հայաստան իրանական լոլիկ բերել, բայց, ըստ ամենայնի, անցել են թուրքականի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզի Մասիսի շրջանի ջերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյանը։
«Իմ տվյալներով՝ հիմա Իրանից լոլիկ չի գալիս։ Թուրքիայից՝ այո։ Դրա համար էլ շուկայում գինը ցածր է մնում, և տեղական արտադրողները ստիպված են տեղավորվել այդ գնի մեջ»,- հայտարարեց նա։
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Գագիկ Բաբախանյան . Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Երկար տարիներ Հայաստանը մեծ ծավալներով ջերմոցային բանջարեղեն էր ներմուծում Թուրքիայից և Իրանից, հատկապես՝ ձմռանն ու վաղ գարնանը։ Վերջին տարիներին այդ ծավալները կրճատվել էին՝ Հայաստանում ջերմոցային արդյունաբերության զարգացմանը զուգահեռ։ Այնուամենայնիվ, դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից, վարունգի և լոլիկի ներմուծումը Հայաստանում աճում է. 2021 թվականին վարունգի ներմուծումը կազմել է ավելի քան 2,5 հազար տոննա, 2025-ին՝ ավելի քան 6 հազար, իսկ լոլիկի ներմուծումը 2021-ին կազմել է 2,12 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ 2025-ին՝ ավելի քան 6,8 հազար տոննա։
Հայաստանի ջերմոցային տնտեսությունների միության նախագահ Պողոս Գևորգյանի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնի մի քանի բանջարեղենի խանութներով։ Վաճառողների խոսքով՝ վարունգն ու լոլիկն իրենց մոտ մասամբ թուրքական են, մասամբ՝ իրանական։
«Հնարավոր է, որ մեծածախ վաճառողների մոտ եղած մնացորդներն են։ Իրանից նոր խմբաքանակներ ներկրվում են, թե չէ՝ մենք չգիտենք»,-նշեցին առևտրականները։
Անկախ ներկայիս անկայուն իրավիճակից, Գևորգյանի խոսքով, պետք է աջակցություն ցուցաբերել ոչ միայն ջերմոցների շինարարությանը, այլև Երկրագործության գիտական կենտրոնին, որը դեռ խորհրդային ժամանակներից զբաղվում է բանջարեղենի տեսակների սելեկցիայով և դրանց համար սածիլներ է բուծում։ Նա նշեց, որ այս հարցն ուղղակիորեն կապված չէ ստեղծված իրավիճակի հետ, սակայն ավելորդ է բացատրել, թե որքան կարևոր է դա երկրի պարենային անվտանգության համար ցանկացած ճգնաժամային իրավիճակում։