Գրոսին և Լիխաչովը քննարկել են Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի մոտակայքի հարձակումը

Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ որևէ ռազմական գործողություն չպետք է վտանգի ենթարկի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունն ու աշխատակիցների անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ հեռախոսով քննարկել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում տեղի ունեցած հարձակումը: Այս մասին հայտնում է ՄԱԳԱՏԷ-ն:
«Իրանի գործող «Բուշեր» ԱԷԿ–ի մերձակայքում ռազմական ակտիվության մասին վերջերս ստացված մտահոգիչ հաղորդումներից հետո ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այսօր հեռախոսազրույց է ունեցել և կայանի իրավիճակի վերաբերյալ թարմացված տեղեկություններ է ստացել «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Լիխաչովից»,-ասված է X սոցիալական ցանցում ՄԱԳԱՏԷ-ի տարածած հայտարարության մեջ․
Գրոսին նշել է, որ «որևէ ռազմական գործողություն չպետք է վտանգի ենթարկի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունն ու դրա աշխատակիցների անվտանգությունը»:
Ովքեր Իրանի դեմ ռազմական հարձակում էին ծրագրել, չարաչար սխալվել են. Կոնդրատև
Հիշեցնենք` մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։