ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի խմբակցություններն անընդունելի և դատապարտելի են համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երևանյան մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։
«Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ: Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում»,– ասված է հայտարարության մեջ։
Արցախի պատգամավորները հիշեցրել են, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Այս մարդկանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։
«Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով»,– ընդգծել են օրենսդիրները։
Նրանց խոսքով` Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ. այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար: Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք»,– նշված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԺ պատգամավորները պահանջում են անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։
«Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն` հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում»,– եզրափակել են նրանք:
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։