Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Թբիլիսի
Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ մայրաքաղաքից և երկրի մարզերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վրաստանը հրաժեշտ է տալիս Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ին: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Չնայած վրացական կողմի հրավերին՝ Քննչական կոմիտեն մերժել էր պաշտպանների միջնորդությունը և թույլ չէր տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու հուղարկավորությանը:
Կաթողիկոս-Պատրիարքը վախճանվել է մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցում է Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):
Արարողությունն անցկացվում է առանց հավատացյալների. տաճարում ներկա են միայն կառավարության անդամներն ու ավելի քան 40 պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հավատացյալները հետևում են արարողությանը էկրանների միջոցով, որոնք տեղադրված են ինչպես տաճարի մոտ, այնպես էլ քաղաքի տարբեր վայրերում:
Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է տրանսպորտի երթևեկության համար:
Ժամը 12:15-ին տաճար կժամանի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, որը պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոյի և Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կկատարի Իլյա II-ի հուղարկավորության կարգը:
Ժամը 15:00-ին տեղի կունենա Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ի մարմնի դուրսբերումը Սամեբա տաճարից դեպի Սիոնի տաճար՝ քայլերթով: Երթուղու երկայնքով կկազմվի կենդանի միջանցք, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իլյա II-ը կհուղարկավորվի տաճարի երկու սրբությունների՝ Սուրբ Նինոյի խաչի և Իվերական Աստվածամոր սրբապատկերի միջև: Վայրն ընտրել է պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոն: