Պետությունը պատասխանատու է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելելու հարցում. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը . Արխիվային լուսանկար
Անահիտ Մանասյանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է դաժան ծեծի ենթարկված և մահացած երեխայի դեպքը՝ ընդգծելով, որ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման պատասխանատվություն ունի նաև պետությունը։
Հայտնել էինք, որ ծեծի ենթարկված 1.2 տարեկան երեխան, չնայած բժիշկների ջանքերին, մարտի 21–ին մահացել է։
Իր հայտարարության մեջ ՄԻՊ-ը նկատել է, որ Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ միջավայր ապահովելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանի դիտարկումները և «թեժ գծի» ահազանգերը փաստում են, որ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են և տարածված։
«Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում, այնպես էլ ընտանիքում։ Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքի։ Ընդ որում՝ խոսքը մանկահասակ երեխայի մասին է, որը հատկապես խոցելի է և հնարավորություն չունի անգամ բարձրաձայնելու իր նկատմամբ բռնության մասին։ Սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդրի առկայության մասին լրջագույն ահազանգ, որը պահանջում է բոլոր իրավասու մարմինների անհապաղ և ամբողջական արձագանքը»,- նշել է Մանասյանը։
ՄԻՊ-ը շեշտել է, որ մանկահասակ երեխայի մահը պետք է սթափեցնի բոլոր պատասխանատու կառույցներին։ Ըստ Մանասյանի՝ բազմաթիվ խնդիրներ են առկա տարբեր իրավասու մարմինների կողմից բռնության կանխարգելման, դեպքերին արձագանքման և հասցեավորման առումով։
«Ընտանիքը պետք է լինի երեխայի համար անվտանգ միջավայր, ոչ թե վտանգի աղբյուր»,- եզրափակել է նա։
Պաշտպանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք` մարտի 16–ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Մեր տեղեկություններով` երեխային ծեծել է խորթ մայրը։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին։