ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավն ուղեկցվել է միջադեպերով։ Այսօր մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսեց արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրեց այն փաստը, որ կինը հրաժարվեց վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։
«Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»,- գոռաց Փաշինյանը։
Ի պատասխան Փաշինյանի, արցախցի կինը հարցրեց. «Ստացվում է՝ չե՞ք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։
Փաշինյանը, մատ թափ տալով, սկսեց բղավել, թե իր իշխանությունն ամեն ինչ արել է նրանց Լեռնային Ղարաբաղում պահելու համար։
«2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, թե իբր սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ՝ ասելով, թե հատուկ փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա. հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ «վա՜յ, բա մենք ուզում ենք վերադառնալ»։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչո՞ւ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով, չփորձե՛ք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Տոնը փոխելու և իր հետ այդպես չխոսելու կնոջ հորդորին վարչապետն արձագանքեց. «Այսպե՛ս եմ խոսելու»։
Ավելի ուշ արցախցի հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը հայտնեց, որ միջադեպի մասնակիցը 1993 թ. Արցախյան պատերազմում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը։
Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Միջադեպին արձագանքել են հանրային և քաղաքական գործիչներ։ Օրինակ իրավաբան Մարինե Ֆարմանյանը հրավիրել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների և ՀՀ ՄԻՊ–ի ուշադրությունը։
«Տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու: Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու: Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնեն...»,– գրել է Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն էր անդրադարձել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտապանության հետ կապված խնդիրներին` նշելով, որ պետությունը պատասխանատու է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելելու հարցում։