ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցվելիս պետք է ցուցաբերվի պատշաճ զգայունություն։ Ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման»,- գրել է նա։
ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: