ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Սպիտակ տունը 30 օրով չեղարկել է իրանական նավթի գնման պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Guardian-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, դա թույլ կտա համաշխարհային շուկա դուրս բերել մոտ 140 մլն բարել նավթ և մասամբ նվազեցնել գները:
Նշենք, որ Իրանի հետ ԱՄՆ–ի և Իսրայելի հակամարտության սկսվելուց ի վեր նավթի գներն աճել են ավելի քան մեկուկես անգամ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը, ինչը 2022-ից ի վեր առավելագույն մակարդակն է։ Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է գների իջեցմամբ, այդ թվում երկրի ներսում՝ հաշվի առնելով կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները։
Սա պատժամիջոցների արդեն երրորդ ժամանակավոր թուլացումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ միջոցառումները կգործեն մինչև ապրիլի 19-ը և կտարածվեն միայն լցանավերի վրա, որտեղ նավթն արդեն բեռնված է: Ընդ որում, մեղմացումները չեն վերաբերում Կուբա, Հյուսիսային Կորեա, Ղրիմ, ԴԺՀ և ԼԺՀ մատակարարումներին։
Բեսենտը նախկինում նշել էր, որ Իրանի համար դժվար կլինի օգտագործել ստացված եկամուտները, քանի որ ԱՄՆ-ն կպահպանի երկրի միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու սահմանափակումները։
Obsidian Risk Advisors-ի վերլուծաբան Բրենտ Էրիքսոնի խոսքով՝ նման քայլերը կարող են վկայել Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա ճնշման տնտեսական գործիքների կրճատման մասին։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն իր հերթին հայտարարել է, որ նավթ տեղափոխող լցանավերը կարող են Արևելյան Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ այդ հումքից արտադրված նավթամթերքը շուկայում կհայտնվի մոտ մեկուկես ամիս անց։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։