ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ 2 բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- ասված է Իրանի գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը գարնան սկիզբն ավետող այս տոնի առթիվ մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն բարեկամ Իրանին: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ 2 բարեկամ ժողովուրդների:
Նոր տարվա՝ Նավրոզի առիթով այսօր ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:
«Այս տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով: Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում»,- ասված է ուղերձում:
Նա քրդական համայնքի ընտանիքներին մաղթել է լիություն ու համերաշխություն, իսկ համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: