ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ Լոռու մարզում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այսօր` մարտի 21–ին, Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։
Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։
ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները մեկնել են նրա նշած վայրը և ջրատարի մեջ հայտնաբերել պարկ։
Ջրատարը, որի մեջ հայտնաբերվել է զենք–զինամթերքը
© Photo : press office of MoD of RA
«Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:
Իրավապահները դեպքի վայրում
© Photo : press office of MoD of RA
Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։