Թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա․ 50-ամյա տղամարդ է կալանավորվել

Տղամարդու ավտոմեքենայում խուզարկություն է իրականացվել, որտեղ էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։
Sputnik
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա, ինչի պատճառով մեկ տղամարդ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվել է 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։