Սեպտեմբերին պատերազմ կլինի՞. ԱՀԾ պետը հորդորում է չխեղաթյուրել Փաշինյանի խոսքը

Նիկոլ Փաշինյանի նշել էր, թե ընդդիմության հաղթանակի դեպքում առավելագույնն աշնանը պատերազմ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես կարճ արձագանքեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի` ՀՀ–ի վրա հետևանքներին։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հունվարին հրապարակել էր արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը` արձանագրելով, որ տարածաշրջանային խնդիրները կարող են Հայաստանի խաղաղությունը վտանգել։ Զեկույցում նշված էր` թեև տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ դրանք ունեն մեծ ներուժ` մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից` տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով։
Լրագրողները հետաքրքրվեցին` աշնանը ի՞նչ պատերազմ էր կանխատեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք չէ խեղաթյուրել վարչապետի խոսքը»,– պատասխանեց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։