ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Եվրոպացիները շարունակում են կրակել սեփական ընտրողների ոտքին՝ պահպանելով ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը: Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը ռուսական գազի գնումների վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի ղեկավարը, պատասխանելով Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման մասին լրագրողների հարցին, հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի հանածո էներգակիրներից հրաժարվելու կուրսը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր աղբյուրների: Ընդ որում՝ նա չի կրկնել իր ավանդական կտրուկ պնդումներն այն մասին, թե ԵՄ-ն ողջ կազմով պետք է վերջնականապես հրաժարվի ռուսական հանածո վառելիքից:
Պեսկովը նշել է, որ Եվրոպան մինչ օրս հրահրում է Ուկրաինայում հակամարտության շարունակությունը՝ խաղաղություն որոնելու ուղղված քաղաքականության փոխարեն:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը համաձայնել Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարի, Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական վարչակարգը պետք է առանց որևէ նախապայմանի դադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու փորձերը, ինչպես նաև էներգետիկ շանտաժը, այդ թվում՝ Եվրոպայի երկրների (Հունգարիայի և Սլովակիայի- խմբ.) նկատմամբ:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերով կոմպրեսորային կայանների վրա հարձակվելու Կիևի փորձերը սպառնալիք են ներկայացնում կրիտիկական ենթակառուցվածքների և միջազգային էներգետիկ երթուղիների համար:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի մոտակա ժամանակներս շարունակել եռակողմ բանակցությունները, իսկ ներկայիս դադարը ժամանակավոր բնույթ է կրում: