Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է

Քրիստոնյաների համար Հիսուսին Չինգիզ խանին հետ նույնշարքում դնելը և Քրիստոսի ուսմունքի աստվածային զորությունը ժխտելը պարզապես սրբապղծություն է։ Իսրայելի վարչապետի հայտարարությունը սոցցանցերում բում է առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտահայտությունը կտրուկ արձագանք է առաջացրել աշխարհի քրիստոնյաների շրջանում։ Նրա խոսքերը տեսակոնֆերանսի ժամանակ ընկալվել էին որպես վիրավորանք Հիսուսի հասցեին և սպառնալիք կրոնական զգացմունքներին, գրում է իսրայելյան Cursorinfo հարթակը։
Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն մեջբերել է ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող խոսքերը. «Հիսուսը Չինգիզ խանից լավը չէ, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ ես, անողոք և հզոր, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որոնցում նա Հիսուս Քրիստոսին համեմատել է Չինգիզ խանի հետ։
«ԱՄՆ-ում քրիստոնյաների բարի կամքից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ քամահրանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ բավականին ցուցանշական է», – գրել է Արաղչին X–ի իր էջում՝ կցելով Իսրայելի վարչապետի խոսքերի տեսանյութը։
Արաղչին նաև դատապարտել է Չինգիզ խանի «անզուսպ փառաբանությունը»՝ մոնղոլ նվաճողին անվանելով «ամենավատ դահիճը, որին երբևէ ճանաչել է մեր տարածաշրջանը»։
Իրանի նախարարի խոսքով՝ նման արտահայտությունները լիովին համապատասխանում են «Իսրայելի վարչապետի՝ որպես հետախուզվող ռազմական հանցագործի ներկայիս կարգավիճակին»։
Քննադատությունից հետո Իսրայելի վարչապետը շտապել է պաշտոնական հայտարարություն անել ու ընդգծել, որ չի վիրավորել Հիսուսին, այլ պարզապես մեջբերել է պատմաբանի խոսքերը։