ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սոցցանցերում մեկնաբանություն գրելու համար արցախցի Գայանե Մեսրոպյանին գիշերով իր տնից ձերբակալելու և մանկահասակ երեխայի հետ Քննչական կոմիտե տարնելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրահանգել է ուսումնասիրություն սկսել։ Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը ուսումնասիրելու իրավիճակը, լսելու կնոջը և հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ իմ կողմից կլինի արձագանք»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` պետք է ուսումնասիվի բոլոր դրվագներ, սկսած գործողություն իրականացնելու ժամից։ Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ արցախցի բազմազավակ կնոջը ՔԿ տարելու պատճառը մեկ տարի առաջ սոցցանցերում ինչ–որ մեկի գրառման տակ արված մեկնաբանությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից և նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան տարել։
Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։