ՔՊ–ականները հրաժարվեցին կոչ անել Բաքվին զերծ մնալ ՀՀ գործերին միջամտելուց. պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանամետ պատգամավորները նաև դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության մասին դրույթի պահպանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հրաժարվել են կոչ անել Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի ներքին գործերի վերաբերյալ հայտարարություններ անելուց։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում կայացած Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստից հետո։
Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի․ ԵԽ պատգամավորներ
Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորները ձեռնպահ են մնացել Բաքվին ուղղված համապատասխան հայտարարության նախագծի քվեարկությունից։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ձեռնպահ են քվեարկել, այսինքն` իրենց համար մեկ է՝ Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ չէ»,–ասել է Մամիջանյանը։
Նա ընդգծել է, որ իշխանամետ պատգամավորները նաև դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության մասին դրույթի պահպանմանը։
«Առհասարակ խայտառակություն է, 2-րդ կամ 3-րդ անգամ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները դեմ են քվեարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ հայ –թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում Հայոց ցեղասպանության հարցի պահպանմանը»,–ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումների մեջ և պահանջել Երևանից «իր օրենսդրությունը նորմալ վիճակի բերել», այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։
Կարծիքի համար բանտարկում եք, զգույշ եղեք. Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը ՀՀ ԱԺ–ում