ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կատարի պետական QatarEnergy էներգետիկ ընկերությունը կարող է ֆորս-մաժոր հայտարարել դեպի Իտալիա, Բելգիա, Հարավային Կորեա և Չինաստան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասով՝ իր գործարանների վրա հարձակումների հետևանքով արտադրության կորուստների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբիին։
«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ֆորսմաժորային իրավիճակ հայտարարել մինչև հինգ տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրերի մասով, որոնք վերաբերում են Իտալիա, Բելգիա, Կորեա և Չինաստան հեղուկաղցած բնական գազի մատակարարումներին»,-ասել է նա:
Ավելի վաղ QatarEnergy-ն հայտարարել էր, որ դադարեցրել է հեղուկացված գազի արտադրությունն իր բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Կատարում արտահանման տերմինալի հանկարծակի փակումը հանգեցրել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի, որոնք հասել են 2023 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Գազ արտահանող երկրների ֆորումի տվյալներով՝ Կատարն աշխարհում հեղուկացված բնական գազի արտադրության և վաճառքի առաջատար եռյակի մեջ է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։