ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար»,–ասաց Կոսը։
Նա նշեց, որ 2022 թվականից ի վեր Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ պաշտոնյան ընդգծեց, որ ճիշտ ներդրումների պարագայում այդ փոխադրումներըւ կարող են էլ ավելի աճել, ինչը բխում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի շահերից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։