RT-ի թղթակից Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է հեռուստաալիքը։
Տուժածների խոսքով՝ ռազմական ինքնաթիռը հրթիռ է արձակել իրենց տրանսպորտային միջոցի վրա, երբ այն անցնում էր բանակային կորպուսի մոտ գտնվող կամրջով։
Երկուսի գիտակցությունն էլ տեղն է, այժմ բուժօգնություն են ստանում հիվանդանոցում։ Պայթյունից նրանց վերջույթներն են վնասվել։
Հիշեցնենք` մարտի 2-ի գիշերը «Հզբոլլահը» վերսկսել է ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ քաղաքների ու ավանների:
Մարտի 16-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։