ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) այսօր հայտարարել է, որ հարձակվել է Կասպից ծովում իրանական ռազմական նավերի և ենթակառուցվածքների վրա:
«Չորեքշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները... հարված են հասցրել Կասպից ծովում իրանական ռազմածովային նավատորմի ենթակառուցվածքների հիմնական օբյեկտներին․․․ Խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որտեղ տեղակայված էին տասնյակ ռազմանավեր, այդ թվում՝ հրթիռակիր նավեր և պահակային մոտորանավեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման և արտահանման ծավալների վրա: