Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնվի

Պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագծի համար տրամադրվել է 8.789.000 դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Բնակելի տուն. Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի տարածքին կից հողամասերը և գույքը ճանաչվեցին հանրության գերակա շահ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ այսպիսով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը կկարողանա ապահովել հուշարձանի հետագա պահպանությունը, վերականգնումն ու կենսագործունեությունը:
«Հուշարձանի տարածքը կամբողջականանա, կապահովվի նրա պահպանությունը, կիրականացվի ուսումնասիրություններ, կկազմակերպվեն հնագիտական պեղումներ, կամրակայվեն և կվերականգնվեն պահպանված կառույցների մնացորդները և կիրականացվեն հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախարարության պատվերով 2024 թ. մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ), որով նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:
Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13–14–րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ:
30 երեխաների գերեզմանոց ու միջնադարյան պալատ․ վայոցձորյան պեղումների արդյունքները