ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելը իրավական որևէ նշանակություն չի ունենալու, և որևէ բան չի տալու այդ նախաձեռնության հեղինակներին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին ու Սահմանադրության սպասվող փոփոխություններին։
Մարտի 19-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարեց, որ Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր։
«Անկախության հռչակագիրը ինչ–որ մեկի ցանկությամբ չի կարող վերացվել։ Դա անկախ Հայաստանի ծննդականն է։ Իսկ հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելով` ընդամենը արձանագրվելու է, որ մենք համաձայն ենք Ալիևի կամ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պահանջին` օրինականացնել նրանց այն թեզը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի, անբաժանելի մասը»,– ասաց Հարությունյանը։
Նա մեկնաբանեց, որ 1989 թվականի դեկտեմբերի 1–ին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի և Արցախի օրենսդիր մարմնի համատեղ նիստում ընդունված փաստաթուղթը ոչ թե տարածքային հավակնության մասին է, ինչպես պնդում է Ադրբեջանը, և ինչի հետ համաձայն է ՀՀ վարչապետը, այլ ԼՂ –ի հայությանը սպառնացող ցեղասպանությունը կանխելու։
«Ես ինքս մասնակցել այդ նիստին, որի կուլուարներում, Արկադի Վոլսկու (ԽՄԿԿ անդամ, 1988-1990թթ. ԼՂ ինքնավար մարզում հատուկ կառավարման կոմիտեի նախագահ) հետ բանավեճում «Ղարաբաղ» կոմիտեի անդամները հիմնավորում էին, որ միացման մասին այս որոշումը պայմանավորված է մի պարզ իրողությամբ` այդկերպ ընդամենը նպատակ է հետապնդվում զերծ պահել Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավոր մոտալուտ ցեղասպանությունից, ընդ որում, որպես հիմնավորում, բերվում էր Նախիջևանի օրինակը»,- նշեց Հարությունյանը։ Նա հիշեցրեց, որ Նախիջևանը, որտեղ 20-ական թվականներին հայերը էթնիկ մեծամասնություն էին, սովետական տարիներից հայաթափվել էր, և 1988 թ․-ին այնտեղից հեռացել էր վերջին հայ բնակիչը։
Նախկին պաշտոնյայի բնորոշմամբ` Նախիջևանը հայրենազրկման դասական օրինակ է` կատարված Սովետական Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ուստի Հայաստանում ու Արցախում միանգամայն հիմնավոր մտավախություն կար, որ ԼՂ–ին ևս նույն ճակատագիրն է սպառնում, հատկապես, որ արդեն իրողություն էին նաև Սումգայիթի (1988 թ. փետրվար) ու Կիրավաբադի (Գանձակ, 1988թ. նոյեմբեր) ջարդերը։
«Եթե այդ որոշումն ի կատար ածվեր խորհրդային իշխանությունների կողմից, ապա Բաքվի ջարդերը (1990թ. հունվար) տեղի չէին ունենա։ Հետևաբար, թե՛ Ալիևի և թե՛ Փաշինյանի պնդումները, որ Անկախության հռչակագրում մենք ունենք դրույթ, որը կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն, զուրկ են և՛ իրավական, և՛ առավել ևս քաղաքական հիմնավորումներից»,– նշեց մեր զրուցակիցը։
ԱԺ նախկին նախագահը համզված է. եթե Արցախյան առաջին պատերազմում հայությունը հաղթանակ չտաներ, այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, տեղի կունենար դեռևս 92-93 թթ․-ին։ Ընդ որում, նրա կարծիքով, 30 տարի առաջ Արցախի հայաթափումը տեղի կունենար ավելի վայրի ձևով։
ԱԺ նախկին նախագահը համզված է. եթե Արցախյան առաջին պատերազմում հայությունը հաղթանակ չտաներ, այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, տեղի կունենար դեռևս 92-93 թթ․-ին։ Ընդ որում, նրա կարծիքով, 30 տարի առաջ Արցախի հայաթափումը տեղի կունենար ավելի վայրի ձևով։
Հիշեցնենք, մարտի 18–ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է և քննրկվում է սահմանադրական խորհրդում։ Հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղումը հանվելու է, թե ոչ, Գալյանը չպատասխանեց` նշելով, որ նախագծի տեքստում ներածությունը դեռ չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։