ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով` «որոշ չարամիտ դերակատարներ» փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները մի շարք եվրոպական երկրներում՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվական արշավների միջոցով։ Այս համատեքստում Կոսը հիշատակեց հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան», - ասաց նա։
Անդրադառնալով վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցություններին՝ Կոսը նշեց, որ ըստ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Հայաստանը ԵՄ-ից 140 միլիոն եվրո կստանա ազատականացմանն անհրաժեշտ բարեփոխումների համար։
Հիշեցնենք` ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը:
Մարտի 16–ին Կալասը հայտնեց, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ըստ ԶԼՄ–ների` Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին, փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։