ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է 2020 թվականի նոյեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր»,–նշված է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանում ազատությունից զրկվածների իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։
Նա ընդգծել է, որ գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:
Հիշեցնենք` հունվարի 14–ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով հանձնվեցին Հայաստանին։
Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։