Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի դագաղը պատրիարքարանի շենքից մինչև Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամնեբա) Մայր տաճար։ Պատրիարքի դիակառքը տեղափոխվել է Սուրբ Երրորդության տաճար։
Թաղման արարողությամբ հատուկ հանձնաժողով է զբաղվելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլյա 2-րդի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
«Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։ Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»,- ասված է նախագահի հեռագրում։
Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է երեկ` մարտի 17-ին։