«Լո՞ւրջ, նման քննարկումից տեղյակ չեմ». Ավանեսյանը` նախարարությունների միավորման մասին

ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ առողջապահության նախարարությունը միավորվելու է Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է իր ղեկավարած գերատեսչության և մեկ այլ նախարարության միավորման մասին լուրերը։

«Լո՞ւրջ, ես նման քննարկման մասին տեղյակ չեմ։ Շաբաթը մեկ մի քանի օրաթերթ թողարկում են: Ընդհանուր թիվ ունեն, որ պետք է թողարկեն ու ամեն շաբաթ պարբերականությամբ գրում են»,– ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարար, ներկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մտադիր է առաջարկել միավորել երկու նախարարությունները և ստեղծել «մեգանախարարություն»։
Թերթը գրել էր, որ նման սցենարի կյանքի կոչվելու դեպքում առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին այլ պաշտոն կառաջարկվի, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։