Երևանամերձ համայնքներում տուն գնելու համար արցախցիները 3–ի փոխարեն 4 մլն դրամ կստանան

Որոշումը նաև հետադարձ ուժ է ունենալու, և նրանք, ովքեր արդեն 3 մլն դրամի շահառու են, կստանան նաև ավելացված գումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում երևանամերձ համայնքներում 1 անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից կդառնա 4 միլիոն դրամ։ Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար։

«Ովքեր 3 միլիոնի շահառու են, այս որոշման ընդունումից հետո հետադարձով իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որոշումն ընդունված կլինի 1-2 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից շուրջ 30 000–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու), մինչ այս տրվում էր 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում