ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը մեխանիզմներ է մշակում բժշկական կենտրոնների տնօրենների ֆինանսական հաշիվները վերահսկելու ուղղությամբ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումներին։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Վեդու բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել խաղատանը. նա բժիշկներին բարձր աշխատավարձեր է ձևակերպել, սակայն փաստացի վճարել է ավելի քիչ գումարներ։
«Կա քրեական գործ, և սա, այո՛, լրջագույն խնդիր է։ Հիմա մենք վերանայում ենք մեր տնօրենների տեխնիկական, բանկային և ֆինանսական հոսքերի վերահսկման ընդհանուր մեխանիզմները։ Խոսքը բոլոր հիվանդանոցների մասին է»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ մյուս ԲԿ-ների տնօրեններն էլ կարող են խաղամոլ լինել, նախարարը պատասխանեց` անհնարին չէ։
«Ինչպես տեսանք, նման «անհնար» երևույթը, ցավոք, տեղի է ունեցել»,- հավելեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ հիմա Վեդու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի, իսկ բուժաշխատողների աշխատավարձերն արդեն վճարված են։ Նախարարը հավելեց, որ ներկայիս տնօրենն իր խորհրդականի ուղիղ վերահսկողության ներքո է։ Նա նաև նշեց, որ իրավապահների հետ գործակցում են նախկին տնօրենի կողմից յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։