ԱՄՆ-ն 18 օրվա ընթացքում խոցել է Իրանի 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ. Սպիտակ տուն

ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության հետևանքով արդեն զոհվել և վիրավորվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ավելի քան 680 զինվորական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ամերիկյան զինուժն Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում խոցել է մոտ 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր այս գործողության 18-րդ օրն է․․․ Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ այժմ գտնվում է օվկիանոսի հատակին»,-ասել է Լևիթը Fox News հեռուստաալիքի եթերում։
Իր հերթին ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ տուժել։
Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչպես նաև սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի, արդեն գերազանցել է 1,3 հազարը։
Վաշինգտոնը և Թել Ավիվը նոր ռազմական գործողությունը բացատրել էին կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրով պայմանավորված սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք այլևս չեն թաքցնում, որ ցանկանում են Իրանում իշխանափոխություն տեսնել։