Աֆղանստանն ու Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները

Ավելի վաղ Պակիստանը հարվածել էր Քաբուլի կենտրոնին, զոհվել էր 400 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Աֆղանստանը Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խնդրանքով ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է երկրի կառավարությունը։
Պակիստանը նույնպես հայտարարել է, որ Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունը 5 օրով դադարեցնում է Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին, զոհվել է 400 մարդ: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է բուժհաստատությանը, որտեղ ավելի քան երեք հազար բուժառու է եղել: Պաշտոնական Իսլամաբադն ի պատասխան հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել ռազմական օբյեկտներին:
Նշենք, որ ի պատասխան աֆղանական տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծության՝ փետրվարի 26-ին Աֆղանստանը ռազմական գործողություն սկսեց պակիստանցի զինվորականների դեմ Դյուրանդի գծի ողջ երկայնքով, որը Քաբուլի կողմից չճանաչված սահման է երկու պետությունների միջև: Պակիստանն իր հերթին հայտարարեց, որ նույնպես կրակ է բացել, իսկ ավելի ուշ հայտարարեց Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին: