Տուֆապատ մայթերը կարող են չդիմանալ. ճարտարապետը` Երևանի Ամիրյան փողոցի վերանորոգման մասին

Պետրոսյանի խոսքով` մայթերը չպետք է լինեն չափազանց արտահայտիչ, որպեսզի չխաթարեն քաղաքի ճարտարապետական միջավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանում տուֆապատ մայթերի կիրառումը նոր երևույթ չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մայթերի բարեկարգման ու տուֆապատման աշխատանքներին։
Սարհատ Պետրոսյան
Նրա խոսքով` դեռևս անցյալ դարի առաջին կեսին քաղաքում նման լուծումներ եղել են, սակայն օգտագործվող նյութը էապես տարբերվել է ներկայիս տարբերակներից։

«Երևանում մինչև 30-40-ական թվականները մենք ունեցել ենք բազմաթիվ մայթեր, որոնք տուֆապատ են եղել, բայց այնտեղի տուֆի քարերը եղել են 5-6 սանտիմետր հաստությամբ և շատ ավելի մեծ կտորներով։ Այդ քարերը զգալիորեն մեծ չափերի էին՝ երբեմն հասնելով 30–40 սանտիմետր լայնության, ինչը մի քանի անգամ գերազանցում է ներկայում կիրառվող սալիկների չափերը։ Նախկինում օգտագործված տուֆի հաստ և մեծ չափերն են ապահովել դրա դիմացկունությունը»,– ասաց նա։

Ճարտարապետը կարևորեց օգտագործվող տուֆի տեսակը։ Նրա գնահատմամբ՝ Երևանում ավանդաբար կիրառված մուգ դարչնագույն կամ սև տուֆը զգալիորեն ավելի դիմացկուն է, քան այսօր օգտագործվող որոշ տեսակներ։
«Ներկայում հաճախ օգտագործվում է ավելի բաց գույնի՝ Անիի դարչնագույն տուֆը, որը տեսողական առումով գրավիչ է, սակայն կարող է զիջել դիմացկունությամբ»,– ընդգծեց նա։
Էլեկտրական ինքնագլորները պատուհաս են դարձել Երևանի հետիոտների համար
Պետրոսյանը դժվարացավ գնահատել, թե որքանով է Ամիրյան փողոցի նոր լուծումը ներդաշնակ լինելու շրջակա միջավայրին` հատկապես Հանրապետության հրապարակին։ Ճարտարապետը ներկայացրեց ընդհանուր սկզբունքը` նշելով, որ մայթերը չպետք է լինեն չափազանց արտահայտիչ, որպեսզի չխաթարեն քաղաքի ճարտարապետական միջավայրը։
«Կարծում եմ՝ դրանք պետք է լինեն ավելի պասիվ գույնի։ Հայկական իրականությունում առավել նպատակահարմար է բազալտի օգտագործումը։ Ներկայում կիրառվող տուֆի սալիկները կարող են խնդիրներ առաջացնել շահագործման ընթացքում՝ հատկապես դրանց փոքր չափերի և բարակ լինելու պատճառով»,– ավելացրեց Պետրոսյանը։
Ճարտարապետի կարծիքով` քաղաքային իշխանությունը որոշ ժամանակ անց ստիպված է լինելու կրկին փոխել մայթերը։ Նա չհերքեց` հատկապես եկեղեցիներում ակտիվ օգտագործվում է տուֆի հատակը, սակայն կրկին նշեց, որ մշակման առանձնահատկություններով ու հաստությամբ տարբեր են։
Հիշեցնենք, որ Երևանի Ամիրյան փողոցում իրականացվում են սալիկների քանդման աշխատանքներ։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով` Ամիրյանի սկզբից մինչև Զաքյան փողոց, այնուհետև Մաշտոցի պողոտա, ապա Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։ Ամիրյան փողոցի վերանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի վերջ։