Թեոդոսիայում քանդվում է 15–րդ դարի հայկական եկեղեցին. ո՞վ է պատասխան տալու

ՌԻԱ Նովոստի Ղրիմը փորձել է պարզել` ով է պատասխանատու Թեոդոսիայում միջնադարյան սրբավայրի ոչնչացման համար, արդյոք այն կվերականգնվի և ում հաշվին։ 15-րդ դարի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ընթերցեք Գալինա Օլինևայի հոդվածում։
Sputnik
Թեոդոսիայում քանդվում է Միքայել և Գաբրիել հրեշտակապետների հնագույն վանքը։ 15-րդ դարում կառուցված եկեղեցին դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։ Երկար տարիներ չի գործում, եկեղեցու տարածք հնարավոր չէ մտնել. դարպասի վրա կողպեք է կախված։ Ձմռանը փլուզվել է շենքի վեցանկյուն զանգակատունը, մարտի 15-ի գիշերն էլ` պատի մի հատվածը։
Միջնադարյան սրբավայրը կփրկե՞ն, ի՞նչ ժամկետներում և ո՞ւմ հաշվին, ՌԻԱ Նովոստի Ղրիմին պատմել են քաղաքապետարանից։

Ո՞վ է պատասխանատու վանքի համար

Քաղաքային իշխանությունից հայտնել են Գաբրիել և Միքայել հրեշտակապետների եկեղեցին մի քանի տարի առաջ անհատույց օգտագործման պայմանագրով փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցուն։ Փաստաթղթի համաձայն՝ օբյեկտի պահպանման և պաշտպանության պատասխանատվությունը դրվել է անմիջապես այդ կառույցի վրա։
«Հայ առաքելական եկեղեցին և հայ համայնքը հակավթարային աշխատանքներ անցկացնելու նախագիծ էին պատվիրել փլուզումներից առաջ ։ Սակայն ստեղծված իրավիճակի պատճառով այժմ նախագծում ճշգրտումներ են արվում», – ասել է Թեոդոսիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Ֆիլատովան։
Նա ընդգծել է, որ նախկինում նախատեսված հակավթարային աշխատանքների փոխարեն այժմ վերականգնման աշխատանքների անհրաժեշտություն կա։ Թեոդոսիայի վարչակազմի տվյալներով՝ այս շաբաթ տեղում աշխատելու են հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության օբյեկտների պետական պահպանության դեպարտամենտի փորձագետները, որոնք կգնահատեն օբյեկտի վիճակն ու անհրաժեշտ եզրակացություններ կպատրաստեն:

Ժամկետ և ֆինանսներ

Ֆիլատովայի խոսքով՝ վերականգնման նախագծի նախապատրաստումը մոտ երեք ամիս կտևի։ Փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, դրան կհաջորդի փորձաքննության փուլը։ Քաղաքապետարանի կողմից վերահսկվող գործընթացը հնարավորինս կարագացվի, սակայն վերականգնման աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետ դեռ չկա։

«Ֆինանսավորման հատկացումից հետո պետք է որոշվի կապալառու ընկերությունը, որը համապատասխան արտոնագիր կունենա։ Եվ արդեն այդ ժամանակ ժամկետի հետ կապված մոտավոր պատկերացում կլինի»,– պարզաբանել է պաշտոնյան։

Վերականգնման արժեքը, ըստ նրա, նույնպես պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ նախագիծը փորձաքննություն կանցնի։ Համաֆինանսավորման որոշ մասը հավանաբար կարվի քաղաքային բյուջեից։
«Բանն այն է, որ խոսքն ամեն դեպքում բավական թանկարժեք աշխատանքների մասին է։ Անկասկած, առանց հանրապետության օգնության և դաշնային միջոցների մասնակցության Թեոդոսիան ինքնուրույն գլուխ չի հանի։ Միևնույն ժամանակ քաղաքը համապատասխան հայցով հանրապետությանն է դիմել առաջին միջադեպից ՝ զանգակատան փլուզումից անմիջապես հետո», – ասել է նա։

Քրեական գործ և դատախազի վերահսկողություն

Առաջին միջադեպը՝ միջնադարյան եկեղեցու զանգակատան մասնակի փլուզումը, տեղի է ունեցել դեռ հունվարի 12-ին, փետրվարին զանգակատունն ամբողջությամբ է փլուզվել։ Այս միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը քննում են Ղրիմի քննիչները։ Բայց Թեոդոսիայի մտահոգ բնակիչները օբյեկտի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ դիմում են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի ընդունարան («ВКонтакте» սոցցանցում)։ Դրանից հետո Բաստրիկինը կարգադրել է զեկուցել քննության արդյունքների մասին։
Մարտի 11-ին հայտնի է դարձել, որ ըստ դատախազների կողմից Թեոդոսիայի վարչակազմի հասցեին եկեղեցու ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ եզրակացություն է արվել։ Ստուգումը ցույց է տվել, որ օրենքի պահանջներ են խախտվել` քաղաքային վարչակազմը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մշակութային ժառանգության օբյեկտի պահպանման համար: Միևնույն ժամանակ Ղրիմի դատախազությունը նշել է, որ սեփականության իրավունքը գրանցված է քաղաքապետարանի անունով: Եկեղեցու մի մասի մեծամասշտաբ փլուզում է տեղի ունեցել մարտի 15-ի գիշերը:
Միքայել և Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին գտնվում է Թեոդոսիայի պատմական հատվածում՝ Հայկական փողոցում: Վանքը կառուցված է միջնադարյան հայկական ճարտարապետության ոճով՝ ռոմանական ոճի տարրերով, այդ ժամանակահատվածին բնորոշ տեխնիկայով` տեղական կրաքարի շաղախով պատրաստված որմնաքարով, կամարներն ու անկյունները` սրբատաշ քարից: Շինության ներսում պահպանվել են որմնանկարների հատվածներ և հին սալիկապատ հատակը: Եկեղեցին վերջին անգամ վերականգնվել է 1967-1970 թվականներին:
Ինչպես, երբ և որտեղից են հայերը հայտնվել Ղրիմում