ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված միգրացիոն քարտերից։
Համապատասխան օրինագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում։
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, միգրացիոն քարտերն ավելի վաղ օգտագործվում էին երկրում օտարերկրացիների ժամանակավոր գտնվելը գրանցելու և վերահսկելու համար, սակայն այսօր այդ գործառույթներն այլ մեխանիզմներով են իրականացվում։
Այլընտրանքային գործիքների շարքում նախարարությունը նշել է անցակետերում կենսաչափական տվյալների հավաքագրման փորձարկումը (մեկնարկել է 2024 թվականին), ժամանումից 72 ժամ առաջ պետական ծառայությունների կայքի (RuID) միջոցով մուտքի դիմում ներկայացնելը, վերահսկվող անձանց գրանցամատյանի ստեղծումը, ինչպես նաև «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ» համակարգի մշակումը։
ՆԳՆ–ն ընդգծել է, որ միգրացիոն քարտերի վերացումը թույլ կտա բացառել տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը և կմեծացնի վերահսկողության արդյունավետությունը։
Բացի այդ, կհանգեցնի բյուջետային միջոցների խնայողության։ Նախարարության գնահատմամբ` միգրացիոն քարտերի պատրաստման տարեկան ծախսերը կարող են կրճատվել մոտ 13,8 մլն ռուբլով։
Ինչպես պարզաբանել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, առաջարկվող փոփոխություններն ուղղված են Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վերահսկման համակարգի օպտիմալացմանը: