Քրեորեն պատժելի է․ Արտաշատում 25-ամյա երիտասարդը շնամարտ է կազմակերպել

Մեր երկրում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացված է 2019 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Արտաշատում ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Իրավապահները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել մարտի 16-ին։
Պարզվել է, որ Ոստան գյուղի 25-ամյա բնակիչը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ շնամարտ է կազմակերպել և նկարահանել իր բջջային հեռախոսով:
25-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ 2019 թվականից Հայաստանում քրեականացված է կենդանիների նկատմամբ բռնությունը։ Տնային կամ անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։