Պարադոքս է` ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը. Արխիվային լուսանկար
Սուրենյանցի բնութագրմամբ՝ ՀՀ-ի կողմից ԵՄ-ից ընտրական գործընթացի համար արագ արձագանքման խումբ ուղարկելու խնդրանքը պարադոքս է` արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Եվրոպական միությունը խորհրդարանական ընտրություններին ՀՀ է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին սոցցանցում գրել է քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր «սպառնալիքներին հակազդելու» համար։
«Պարադոքսն ակնհայտ է։ Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ, թե պետք է կանխել այլ երկրների հնարավոր ազդեցությունը։ Այս իրավիճակում անխուսափելիորեն առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում «պաշտպանությունը» և որտե՞ղ սկսվում քաղաքական ներգրավվածությունը։ Նիկոլ Փաշինյանը դիմում է ցանկացած քայլի, այդ թվում՝ ռեպրեսիվ, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով»,- գրել է Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի՝ նման մոտեցումը ունի նաև վտանգավոր հետևանքներ, քանի որ ընտրությունների լեգիտիմությունը կապվում է արտաքին դերակատարների հետ, ուստի անխուսափելիորեն առաջանում է ընտրությունների սուվերենության խնդիր։
Սուրենյանից խոսքով՝ ընտրական գործընթացի «եվրոպականացումը» կարող է խորացնել ներքին քաղաքական բևեռացումը, իսկ այդ դեպքում ընտրությունները սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։ Քաղաքագետը վստահ է՝ Հայաստանում արդեն կա խոր բևեռացում ու, եթե ԵՄ-ի խումբը ընկալվի որպես «Փաշինյանի կողմնակից», ապա հասարակության մեծամասնության մոտ կավելանա անվստահությունը՝ անկախ նրանից, թե որքան «տեխնիկական» է օգնությունը։
«Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը կարող է ապահովվել միայն մեկ ճանապարհով՝ ազատ, մրցակցային և երկրի ներսում գործող ինստիտուտների կողմից վերահսկվող գործընթացով։ Եթե ընտրական միջավայրի ձևավորման մեջ մեծ դեր սկսեն խաղալ արտաքին դերակատարները, ապա նույնիսկ ամենալավ տեխնիկական աջակցությունը չի կարող ամբողջությամբ վերացնել այն կասկածները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հասարակության մի հատվածի մոտ»,- գրել է Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Կայա Կալլասը հայտնել էր, թե Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։